ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
29.04.2013

Հայոց ցեղասպանության մասին Le Monde-ի հայազգի լուսանկարիչն աշխարհին կպատմի նոր ալբոմով
Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան  Ագուջյանը ծրագրում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանրության դատին ներկայացնել լուսանկարների ալբոմ, որտեղ ամփոփված են իր` շուրջ 30 տարվա աշխատանքները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ագուջյանը պատմեց, որ 1988 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի ապրիլին այցելում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ջավախք, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Իսրայել, Թուրքիա` այնտեղի հայկական համայնքների կենսակերպին ծանոթանալու համար:

«Ալբոմն ավելի շատ արտիստիկ, գեղարվեստական աշխատանք է լինելու, քան` տեղեկատվական, լրագրողական: Նկատի ունեմ, որը լուսանկարներում ներկայացված են պատմություններ»,- նշեց հեղինակը: Նրա խոսքով` մինչեւ 2015 թվականի ապրիլ շարունակելու է աշխատել եւ նոր լուսանկարներ հավաքել` ալբոմն ամբողջացնելու նպատակով: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ալբոմը լույս կտեսնի Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում:

Նկարչի համար Հայող ցեղասպանության թեմատիկան ընտրելը պատահական չէ. նրա ընտանիքը եւս ցեղասպանունից փրկված հայերի թվում է, որը գաղթել է Ֆրանսիա Արեւմտյան Հայաստանից: «Յուրաքանչյուր հայ իր քարը պետք է դնի Հայոց ցեղասպանության միջազգայնացման գործընթաց կոչվող խոշոր «պատի» վրա: Ժամանակի հարց է. թուրքերը եւս մի օր պետք է ընդունեն այն, ինչ եղել է: Ցեղասպանության ընդունումը թուրքերի համար մեծ խնդիր պետք է լինի, սակայն պետք է ընդունեն»,- ասում է լուսանկարիչը:

Ագուջյանը եւս մեկ ալբոմ թողարկել է նաեւ 2007 թ-ին, որտեղ ներկայացված են սեւ եւ սպիտակ լուսանկարներ: Ալբոմում լուսանկարների մասին իր հոդվածն էր գրել նաեւ կանադացի հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Լուսանկարիչն իր աշխատանքներում նախապատվություն է տալիս սեւ գույներին` լույսը ընդգծելու համար: Սեւը խորհրդանշում է հայ ազգի եւ իր սեփական մոռացված հուշերը, գաղտնիքները: Սակայն ապագա ալբոմում տեղ կգտնեն ոչ միայն սեւ եւ սպիտակ, այլեւ` գունավոր լուսանկարներ:

2011 թ-ի ապրիլի 27-ից հունիսի 5-ը Ստամբուլում բացվել էր Ագուջյանի «Այրող աչքեր. Հայերի հիշողությունները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին լուսանկարչի` 1988 թ-ից հետո արված նկարները: Անտուան Ագուջյանը մասնագիտությամբ լրագրող է, նա աշխատում է ֆրանսիական Le Monde թերթում:

 

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38